Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրման կապակցությամբ Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունն իրականացրին համաժողով «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով: Համաժողովին մասնակցեցին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը, տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանն ու Վարդան Բոստանջյանը, ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները:
Արամ Գասպարի Սարգսյանն ու Թաթուլ Մանասերյանը ներկայացրին տնտեսական միության դրական կողմերը, այն արտոնությունները, որոնք Հայաստանը կստանա ԵՏՄ կազմում: Այնինչ ներկաներին ԵՏՄ-ի վերաբերյալ հարցերն այդքան էլ չէին հետաքրքրում, այլ հետաքրքրում էին հարցեր գազի և հոսանքի գների, թոշակառուների, աշխատավարձերի վերաբերյալ, որոնք, ըստ էության, չէին վերաբերվում ԵՏՄ-ին, պարզապես Եվրասիական պրոյեկտները նույնացվում են հենց Ռուսաստանի հետ: Համաժողովի դահլիճում ներկաներին մասնավորապես հետաքրքրում էր գազի գնի սահմանային և սպառողին հասնող գների տարբերության պատճառաբանությունը, որն ըստ էության հիմնավորում չստացավ: Ըստ բանախոսների՝ ԵՏՄ-ն վերպետական կառույց չէ, բայց թույլ կտա վերահսկել գազի սահմանային և վերջնական գների կամայական փոփոխությունը: