Այսօր կառավարության նիստից դուրս գալուց հետո Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե որքանով է նրա համար ընդունելի Սյունիքի մարզպետի դոկտորական կոչումը: «Ես չեմ իմանում, չեմ տեսել նրա դոկտորական կոչումը»,-ասաց Մարտիրոսյանը: Մեր հիշեցմանը՝ այն հրապարակվել է, ԳԱԱ նախագահն ասաց. «Դե, եթե հրապարակվել է, օրինական է՝ պիտի ճանաչել, եթե չէ՝ չէ»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե նման կերպ դոկտորական կոչումներ ձեռք բերելը չի՞ վարկաբեկում գիտությունը: «Ես չգիտեմ՝ երբևէ մեկին վարկաբեկում է, թե չէ, որովհետև ես չգիտեմ՝ ինչի համար է ստացել և ինչպես»:
Մեր հարցին՝ ընդունո՞ւմ է Սուրիկ Խաչատրյանին որպես գիտության, փիլիսոփայության դոկտոր, ԳԱԱ նախագահը հակադարձեց. «Ծանոթ չեմ նրան որպես գիտնական»: Իսկ հարցին՝ չի՞ ուզում ծանոթանալ նման գիտնականի հետ, Մարտիրոսյանը հայտարարեց. «Չէ, չէ, չէ»:
Հետաքրքրվեցինք նաև, թե որպես ԳԱԱ նախագահ՝ չի՞ ափսոսում, որ գիտությունը դարձել է առևտրի առարկա, ԳԱԱ նախագահը հայտարարեց. «Նման բան չկա գիտության մեջ»: Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ հազարավոր մարդիկ են գիտական կոչումներ ստացել, և նրանք անկեղծ ու իսկական գիտնականներ են:
Ավելին՝ տեսանյութում: