Այս տարի նշանակված ծառայողական քննությունների արդյունքում ոստիկանության 600 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժի, որոնցից 292-ին հայտարարվել է նկատողություն, 207-ին՝ խիստ նկատողություն, 24-ին՝ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանություն, որը հավասարազոր է աշխատանքից ազատման: Չորսի կոչումն իջեցվել է 1 աստիճանով, իսկ ոստիկանության 72 աշխատակից ազատվել է ոստիկանության ծառայությունից: Մինչդեռ նախորդ տարի ընդամենը 37 աշխատակից է ազատվել ծառայությունից: Այս վիճակագրությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ 9 ամիսների ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստով արձանագրվել է 47 դեպք 57 անձի վերաբերյալ, իսկ դատարան է ուղարկվել 11 գործ, որոնցից միայն 1-ն է կարճվել:
Հունան Պողոսյանի խոսքով՝ իրենք տանում են բավարար աշխատանք, որպեսզի համակարգում բացառվեն այն աշխատակիցները, որոնց վարքը համատեղելի չէ աշխատանքի հետ: