Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքով՝ հոկտեմբերի 24-ին ոչ իշխանական ուժերի հրավիրած հանրահավաքին ոստիկանությունն առանձնահատուկ չի պատրաստվում, հատուկ ոչ մի բան չի արվելու: Պարզապես լինելու է օպերատիվ վիճակի վերլուծություն և գնահատում:
«Ոստիկանությունն ապակենտրոնացված կառույց է: Գոնե վերջին տարիներին մեր գործունեությամբ դա ենք ապացուցում: Մեր գերնպատակը հասարակական կարգի պահպանությունն ու մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պողոսյանը: Նա նաև հավելեց, որ այն պատասխանատվութունը, որն այդ օրը կրելու է ոստիկանությունը, հավասարապես կրելու են նաև հանրահավաքի կազմակերպիչները:
Հարցին՝եթե այդ օրը չնախատեսված գործողություններ լինեն,ոստիկանության խոստացած «սառը ցնցուղը» ուժի մե՞ջ է,փոխոստիկանապետն արձագանքեց.«Եթե չնախատեսված բան լինի, մենք էլ չնախատեսված գործողություններ կկատարենք»՝ հավելելով, որ այդ չնախատեսված գործողություններն են օրենքով նախատեսված բոլոր գործողությունները. «Օրենքից դուրս ոչինչ չի կատարվելու, անհոգ եղեք»: