Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պատասխանեց 1in.am Sport-ի հարցերին:
22-ամյա մարզիկը նշեց, որ այժմ գտնվում է Հայաստանում, իսկ նոյեմբերի 8-ից Գերմանիայում մասնակցելու է Բունդեսլիգային, որտեղ 4-5 գոտեմարտի պայմանագիր ունի:
«4-5 գոտեմարտ պետք է անեմ: Նոյեմբերի 8-ին առաջին գոտեմարտը պետք է անցկացնեմ: Բունդեսլիգայով տարին կեզրափակեմ, այլ մրցաշարերի չեմ մասնակցի: Տարեվերջին՝ դեկտեմբերի 10-ից հետո, հավաք ունենք Ծաղկաձորում»:
Ալեքսանյանն անդրադարձավ նաև Արթուր Աբրահամին, ով իր տաքշենդյան հաղթանակից հետո շտապել էր շնորհավորել իրեն ու գովեստի խոսքեր հղել: Աբրահամն, ինչպես գիտեք, սեպտեմբերի 28-ին պաշտպանեց չեմպիոնական գոտին՝ հաղթելով Փոլ Սմիթին:
«Մենամարտին չեմ եղել: Ինձ համար մեծ պատիվ է Արթուր Աբրահամի պես մարզիկից շնորհավորական խոսքեր ստանալը: Շնորհակալությունս հայտնել եմ: Ես էլ նրան շնորհավորում եմ գոտին պաշտպանելու համար ու շատ ուրախ եմ»:
Արթուրը խոսեց նաև Գյումրու մարզապրոցի մասին, որտեղ անցկացնում է ամենօրյա մարզումները: Ինչպես գիտեք, մարզադպրոցը գտնվում է անմխիթար վիճակում և վերանորոգման կարիք ունի:
«Մարզադպրոցի հետ կապված նորություններ կան: Պարոն Ծառուկյանը խոստացել է, որ մարզադպրոցը կվերանորոգվի: Նույնը խոստացել է նաև պետությունը: Հա՛մ պարոն Ծառուկյանի, հա՛մ պետության ուժերով կվերանորոգվի: Շինարարական աշխատանքները հավանաբար կսկսվեն հաջորդ տարվա գարնանը»: