Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ խմբակցությունների ներկայացուցիչների և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հանդիպման, ասաց, թե կառավարությունը որոշել է անհարկի ստուգումներ չանցկացնել փոքր ու միջին տնտեսվարողների մոտ:
«Հարցն այն է, որ կարող են անհարկի խնդիրներ առաջանալ, փաստաթղթերի հետ կապված անընդհատ անհանգստություններ լինեն փոքր ու միջին բիզնեսի տնտեսվարող սուբյեկտներին: Այդ անհանգստությունները փարատելու համար արդեն վարչապետի, ֆինանսների նախարարի հրամաններ են եղել»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Բայց չէ՞ որ այդ հրամմաններում նշված չէ, թե ոքան ժամանակ չպետք է «անհարկի ստուգումներ անցկացնեն»: «Ուրեմն անժամկետ է, ինչքան երկար կտևի, այնքան լավ»,- կատակեց Վ.Բաղդասարյանը:
Նա նաև ավելացրեց, թե տնտեսվարողներին պետք է տեղեկացնել, որ «պոմիդոր, վարունգ, բույսեր բերողներն արդեն օրենքով պաշտպանված են, նրանց համար փաստաթղթեր պետք չեն»: