Տարեց մարդկանց համար հոտերը տարբերելու ունակության կորուստը մահը կանխատեսող գործոն է, պնդում են ամերիկացի գիտնականները: 5 տարում մահացել է հետազոտության մասնակիցների 39%-ը նրանցից, ովքեր չեն անցել հոտերի պարզագույն թեստը: Լավ հոտառություն ունեցողների շրջանում այդ թիվը 10% է: Գիտնականներն իրենց եզրակացությունները ներկայացրել են PLoS One ամսագրում:
2005-2006 թթ. բժիշկները 3005 տարեց ամերիկացու (57-85 տարեկան) 5 սովորական հոտի տարբերակման թեստ են տվել (անանուխի, ձկան, նարնջի, վարդի և կաշվի): Հարցվածների մեծ մասը (78%) ճիշտ է նշել 4-5 հոտ, 20%-ը՝ 2 կամ 3, 3,5%-ը՝ 1 կամ ոչ մի:
5 տարի հետո գիտնականներն անդրադարձել են թեստն անցած տարեց մարդկանց: Այդ ընթացքում մահացել է 430 մարդ՝ սկզբնական ընտրության 12,5%-ը: Թույլ հոտառությամբ մարդկանց շրջանում մահացությունը զգալիորեն բարձր է եղել: