Էնթոնի Գորովիցը նոր վեպ կգրի հայտնի գործակալ 007-ի մասին: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Լոնդոնում հայտարարել է Ջեյմս Բոնդի կերպարի իրավունքների սեփականատեր Ian Fleming Publications ընկերությունը:
«Սպանություն անիվների վրա» (Murder on Wheels) վերնագրով վեպը պետք է լույս տեսնի 2015 թ. սեպտեմբերի 8-ին: «Սա այն գիրքն է, որը ես միշտ ցանկացել եմ գրել»,- ասել է Գորովիցը:
Ստեղծագործությունը հիմնված կլինի Յան Ֆլեմինգի հեղինակային գրառումների վրա, որոնք նա արել է ԱՄՆ-ում ծրագրվող Ջեյմս Բոնդի մասին հեռուստատեսային ֆիլմին պատրաստվելու ընթացքում: Ավելի ուշ պրոդյուսերները հրաժարվել են այդ գաղափարից, և ձեռագիրը մոտ 60 տարի փակ արխիվում է եղել:
Վեպի գործողությունները ծավալվում են Գերմանիայում ավտոարշավի ժամանակ: Ջեյմս Բոնդը պայքարում է խորհրդային հատուկծառայությունների դեմ: