ԱՄՆ Օրեգոն նահանգում 30 տարվա ազատազրկման է դատապարտվել երիտասարդ սոմալեցի ներգաղթյալ Մոհամեդ Օսման Մոհամուդը: 2010-ին նա փորձել է հզոր ռումբ պայթեցնել Փորթլենդի կենտրոնում՝ սուրբծննդյան տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ: Այս մասին գրում է BBC-ն:
Անցյալ տարվա հունվարին 23-ամյա Մոհամուդի երեքշաբաթյա դատավարության ժամանակ դատախազներն ատենակալներին հայտարարել են, որ նա ահաբեկչության է դիմել առանց փոքր-ինչ տատանվելու՝ հույս ունենալով, որ պայթյունից կսպանվեն կամ կվնասվեն հազարավոր մարդիկ:
Նրա հույսերը, սակայն, չեն արդարացել, քանի որ ռումբը կեղծ էր և երիտասարդին էր տրվել Հետախուզությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից, ովքեր ներկայացել էին որպես «Ալ-Քաիդա»-ի անդամներ: