Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին եռյակի նախաձեռնած հանրահավաքին մասնակցելու են նաև վերջերս բավական ակտիվացած ԲՀԿ-ամետ ազատամարտիկների միությունները: Այդ օրը հանրահավաքի «բերման կենթարկվեն» ինչպես ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի վերջերս ձևավորած «Երդվյալ ազտամարտիկների միության» անդամները, այլնպես էլ կրկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի «Ազատամարտի նվիրյալներ» միության անդամները: Սա հենց այն պահն է, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պետք է ցույց տա, թե ինչքան ազատամարտիկ ունի իր շուրջը և անհրաժեշտ պահին ինչպես կարող է նրանց ծառայեցնել իր նպատակներին: Իսկ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գևորգյանը պետք է անեն այն, ինչ իրենց կթելադրի Ծառուկյանը:
Հայ ազգային կոնգրեսի համակիր, այժմ Ռուստամ Գասպարյանի միության անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 10-ին ինքը մասնակցելու է հանրահավաքին, բայց ոչ թե այն պատճառով, որ նման հրահանգ է եղել կամ կարող է լինել, այլ այն պատճառով, որ ինքը համակարծիք է, որ օր առաջ համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ մեր երկրին, իսկ եռյակը բարձրացնում է այդ խնդիրը:
«Ես ինքս ազատամարտիկների դաշինքում եմ, բայց դա ոչ Ռուստամ Գասպարյանն է ձևավորել, ոչ ես, ոչ էլ մենք հավաքվել ենք որևէ քաղաքական դրոշակի տակ: Մենք հավաքվել ենք ազգիս առաջ ծառացած ներկայիս մարտահրավերներին դիմագրավելու համար: Մենք որևէ քաղաքական հենարանի անհրաժեշտություն չունենք, որևէ քաղաքական ուժի պահպանության կամ հովանավորության անհրաժեշտություն չունենք և չենք էլ փնտրում այդպիսի բան: Ոչ «Բարգավաճի», ոչ ՀԱԿ-ի»,- ասաց Պետրոսյանը:
Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ են հավաքվել ԲՀԿ-ական պատգամավորի շուրջը, ինչը և կարծիք է ստեղծում, որ այդ միությունը քաղաքական նպատակներ ունի, Պետրոսյանը նկատեց. «Մենք ամեն մեկս տարբեր քաղաքական հայացքների տեր ենք: Ռուստամը ԲՀԿ-ական է, ես ՀԱԿ-ի համակիր եմ, ուրիշները այլ քաղաքական ուժի համակիր են: Բայց սա չի նշանակում, որ մենք այդ քաղաքական ուժերի ազդեցության տակ ենք և շարժվում ենք այնպես, ինչպես մեզ ասում են: Ոչ: Մենք հիմա 42 հրամանատարներով միավորվել ենք ազգի առջև ծառացած մարտահրավերները լուծելու շուրջ: Եվ ես արդեն իսկ հայտարարել եմ, որ էս օրակարգը, որով հանդես է եկել եռյակը, այդ օրակարգի հետ մենք համաձայն ենք: Մենք համակարգային փոփոխության կողմանակից ենք, և եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը ազնիվ են իրենց հայտարարությունների մեջ և գնալու են այն ճանապարհով, ինչ որ մատնանշում են, մենք զորավիգ ենք լինելու նրանց: Մենք ժողովրդի կողքին ենք: Եթե ժողովուրդը հավաքվի հրապարակում, մենք իրենց կողքին կլինենք:
Նա նաև նկատեց, որ իրենք խնդիր չեն դնում, որ մի քաղաքական ուժին, առաջնորդին հանեն, մյուսին բերեն իշխանության: «Այո, այսօրվա իշխանությունները սպառել են իրենց, իրենք ժողովրդի հետ ընդհանուր ոչ մի բան չունեն: Հետևաբար, մենք հոկտեմբերի 10-ին հրապարակում կլինենք՝ շարունակելով մեր զոհված ընկերների գործը: Մենք համագործակցելու ենք բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր ցանկանում են և փորձ կանեն ժողովրդին հանել այս վիճակից: Բայց այդ ընթացքում ոչ մեկի դրոշակակիրն ենք դառնալու, ոչ էլ հպատակը»:
Հ.Գ. Մենք փորձ արեցինք գտնել և լսել նաև Ռուբեն Գևորգյանի նորաստեղծ միության ազատամարտիկներից գեթ մեկին, սակայն մեր բոլոր ջանքներն ապարդյուն անցան: Հանրությանը հայտնի ազատամարտիկները, որոնցից փորձում էինք կոնտակտներ գտնել, այսպես էին արձագանքում՝ թե ոչ մի լուրջ, իրեն հարգող ազատամարտիկ նման միությունների չի անդամագրվի, իսկ համագումարի օրը ցույց տրված ժողովրդը բոլորը չէ, որ ազատամարտիկներ էին: «Նրանց մեծ մասը պարզապես սոված մարդիկ էին, ովքեր այդ օրն էլ այդպես կշտացան»,- նկատեց մեր զրուցակից ազատամարտիկներից մեկը: