Իրաքի ռազմաօդային ուժերը սխալմամբ մարդասիրական օգնություն են նետել շրջաններ, որոնք «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ են: Այս մասին հայտնում է Washington Times-ը:
Պարբերականը հայտնում է, որ սննդամթերքից, խմելու ջրից և ռազմամթերքից բաղկացած մարդասիրական օգնությունը նախատեսվել է «Իսլամական պետության» գրոհայինների դեմ գործողությանը մասնակցող իրաքցի զինվորների համար, բայց այն նետել են Իրաքի Անբար նահանգ, որն իսլամիստներն են վերահսկում:
«Զինվորներն այդ օգնության կարիքը շատ ունեին, բայց իրաքյան բանակի հրամանատարության սխալի և օդաչուների անփորձության պատճառով մենք յուրատեսակ ձևով «Իսլամական պետության» գրոհայիններին օգնեցինք սպանել մեր զինվորներին»,- NBC News հեռուստաալիքին ասել է տեղի խորհրդարանականներից մեկը՝ Հաքիմ ալ-Զամիլին:
Դեպքը հաստատել է Իրաքի անվտանգության նախարարության ներկայացուցիչներից մեկը, որը խոսել է անանունության պայմանով: Ներկայում կատարվում է տեղի ունեցածի հետաքննություն: