Բելգիայի ոստիկանությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը առանց տուգանքների շաբաթ է անցկացնում` ի նշան կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի: Իրավապահները չեն ցանկանում ընդունել իշխանությունների որոշումը, որի համաձայն` ոստիկաններն իրավունք չունեն ժամկետից շուտ՝ մինչև 62 տարեկանը, թոշակի գնալ: Իսկ մինչ կենսաթոշակային համակարգի բարեփոխումները Բելգիայում ոստիկանները կարողացել են թոշակի անցնել արդեն 54 տարեկանում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ տվյալ որոշումը բախվում է ավելի քան 30 հազար իրավապահների շահերին:
«Այդ շրջանում մենք կապահովենք ճանապարհային երթևեկության օրենքներին հետևելը, սակայն կտուգանենք միայն այն վարորդներին, որ վատ խախտումներ են իրականացրել, օրինակ` հարբած կամ թմրանյութի ազդեցության ներքո վարելիս»,- ասել է ոստիկանների արհմիության ներկայացուցիչը: