Վագրի տեսքով Cartier-ի մի քանի զարդեր, որոնք նախկինում գտնվում էին Վինձորի դքսուհու հավաքածուի մեջ, իսկ հետագայում Էնդրյու Լլոյդ Ուեբերը նվիրել է Սառա Բրայթմանին, կվաճառվեն Christie’s-ի աճուրդում, ասվում է աճուրդի տան տարածած հաղորդագրության մեջ: Այս մասին է գրում Gazeta.ru –ն:
Թանկարծեք քարերով կրծքազարդի և ապարանջանի համար նախատեսվում է 1.8-2.5 միլիոն դոլար ստանալ:
Հետաքրքիր է այդ վագրերի պատմությունը: Էդուարդ VIII-ը 1936 թ. դեռ մեկ տարի չէր թագավորել, երբ որոշեց հրաժարվել գահից, որպեսզի ամուսնանա Ուոլիս Սիմփսոնի հետ: Արդյունքում նրանք տեղափոխվեցին Ֆրանսիա, որտեղ ոսկերչական նորաձև զարդեր էին մշակում: Աճուրդում տեղադրված զարդերի այդ զույգը Վինձորի դուքսի և դքսուհու կողմից ձեռք է բերվել 1956-1959 թթ: Իսկ 1987 թ. կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերն այդ զարդերը ձեռք է բերել երգչուհի Սառա Բրայթմանի համար, որն այդ պահին նրա կինն էր:
Սառա Բրայթմանի որոշմամբ՝ այդ զարդերից ստացված հասույթը կփոխանցվի Էնդրյու Լլոյդ Ուեբերի հիմնադրամին, որը հիմնվել է 1992 թ. և օգնում է մշակույթի և երաժշտական դպրոցներին: