ԱՄՆ-ը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մերժել է աշխատանքային վիզա տրամադրելու հարցում: Այս մասին հայտնում է վրացական «Ալիա» թերթը՝ հղում անելով Թբիլիսիում Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակին:
«Այդ տվյալների հավաստիությունը շուտով ստույգ կճշտվի, սակայն փաստ է, որ «ազգայինների» շրջանում դա խուճապային տրամադրությունների պատճառ է դարձել,- նշում է թերթը:- Ամերիկյան քաղաքական էլիտան հիասթափվել է Սաակաշվիլիից, նա գործնականում աջակցություն չունի Սպիտակ տանը: ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի թիմը չի խրախուսում Վրաստանի նախկին նախագահին»:
Թերթը նշում է, որ եթե Սաակաշվիլին ԱՄՆ-ի աշխատանքային վիզա չստանա, չի կարողանա հետո այդ երկրում քաղաքական ապաստանի հույս ունենալ:
Թերթի տեղեկությամբ՝ հայրենիքում Սաակաշվիլիի քրեական հետապնդման կապակցությամբ «ազգայինները» չեն թաքցրել, որ նա կուզենա Ամերիկայում քաղաքական փախստականի կարգավիճակ ստանալ:
Սաակաշվիլին առայժմ այդ հաղորդագրությունները չի մեկնաբանել: