«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպությունը սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել հանրապետության ողջ տարածքում, և ըստ այդ հարցումների արդյունքների՝ հասարակության 68 տոկոսը սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չի տեսնում:
«Հանրապետության բնակչության 1300 մարդու շրջանում անցկացված հարցումներով և 36 տարբեր ոլորտների փորձագետների կարծիքով՝ այսօր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա: Մենք այս կարծիքը ուղարկել ենք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին և սպասում ենք արձագանքի»,- ասաց ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը:
Այս հետազոտության ընթացքում որպես փորձագետ ներգրավված իրավաբան Արա Ղազարյանն ինքը կողմնակից է սահմանադրական բարեփոխումների արդյունքում առաջարկվող կառավարման համակարգի փոփոխությանը: «Ուշագրավ է, որ այս հետազոտության ընթացքում բոլոր փորձագետները նշում էին, որ կարևոր չէ, թե երկրի կառավարման ինչ համակարգ ես ընտրում, կարևորը քաղաքական մշակույթն է: «Հաղթողին ամեն ինչ» սկզբունքը պետք է վերանա: Քաղաքական փոքրամասնությունների տեսակետը, իրավունքներն ու շահերը պետք է հարգել և՛ խորհրդարանում, և՛ այլ իրավիճակներում: Փորձագետների և բնակչության հայտնած տեսակետներից մենք բխեցնում ենք երկու կարևոր միտք, որ կարևորը քաղաքական մշակույթն է և ընտրությունների լեգիտիմությունը»,- ասաց Արա Ղազարյանը: