Սեպտեմբերի 23-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին:
Միջոցառմանը ներկա են եղել Չինաստանի արտոգրծնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, զինվորականներ, Չինաստանի գործարար շրջանակների և երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ընդունելությանը մասնակցել է Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վան Չաոն, ում հետ դեսպան Արմեն Սարգսյանն ունեցել է առանձնազրույց՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցեր:
Ընդունելության մասնակիցներին ներկայացվել է ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ դեսպանության կողմից լույս ընծայված «Armenia» անվանմամբ տեղեկատվական գրքույկը, որում մասնավորապես ներկայացված են Հայաստանի պատմությունը, մշակույթը, ներդրումային և զբոսաշրջային հնարավորությունները:
Նույն օրը դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն Պեկինում ուսանող հայ երիտասարդների համար: