Թուրքիայի իշխանությունները գործարք են կնքել «Իսլամական պետության» ծայրահեղականների հետ: Այս մասին RT-ին ասել է լրագրող և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Սուքանթ Չանդանը:
Առկա տեղեկությունների համաձայն՝ 2011 թվականից Թուրքիայի իշխանությունները զինել են Սիրիայի գրոհայիններին և նրանց ապաստան տրամադրել: Չանդանը կարծում է, որ Թուրքիայի կառավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում ահաբեկիչներին խանգարելու համար և նույնիսկ նրանց հետ բանակցում է:
Փորձագետն օրինակ է բերում իրաքյան Մոսուլում թուրքական հյուպատոսության մոտ 50 աշխատակիցների դեպքը, որոնց պատանդ էին վերցրել «Իսլամական պետության» գրոհայինները, բայց որոնք շուտով փոխանցվեցին Անկարային:
«Պարզ է, որ երկրի իշխանությունները գործարք են կնքել ծայրահեղականների հետ,- նշում է Չանդանը:- Նրանք ոչ մի կապ չունեն ջիհադի հետ: Դրանք մահվան ջոկատներ են: Որոշ ահաբեկիչներ մեկնել են Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և հատել թուրք-սիրիական սահմանը»:
Լրագրողը նաև ենթադրություն է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները նպաստում են ծայրահեղականների ներթափանցմանը Սիրիա: «Անկարան նպաստում է զինյալների ներթափանցմանը Սիրիա, որոնք ուզում են այդ ինքնիշխան երկրում պետական հեղաշրջում իրականացնել: Միաժամանակ, Թուրքիայի իշխանությունները քրդերին չեն թողնում սիրիական հողում պաշտպանել իրենց եղբայրներին»,- եզրափակել է փորձագետը: