ԱՄՆ-ը արաբական մի շարք երկրների աջակցությամբ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ավիահարվածներ է հասցրել «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջեբհաթ ան-Նուսրա» իսլամիստական խմբավորման գրոհայինների դիրքերին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին (Syrian Observatory for Human Rights):
Կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուլռահմանի տեղեկությամբ՝ հարվածներ են հասցվել «Նուսրայի» գրոհայինների դիրքերին Իդլիբ և Հալեպ նահանգներում:
Իրավապաշտպանները նաև հայտարարում են, որ ԱՄՆ-ը օդից գրոհել է «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայի Դեյր-էզ-Զոր նահանգում: Բացի դրանից՝ Agence France-Presse-ի տեղեկությամբ՝ Մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտարարում է, որ ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետության» 22 դիրքերի ուղղությամբ Աբու-Քեմալ քաղաքում: «Կոալիցիան 22 ավիահարվածներ է հասցրել Աբու-Քեմալ քաղաքում»,- հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը: