Սաուդյան Արաբիան Չինաստանից ձեռք է բերել միջին հեռահարության DF-21 բալիստիկ հրթիռներով շարժական համալիրների որոշակի քանակություն: Այս մասին, ինչպես հայտնում է Want China Times պարբերականը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի անվտանգության միացյալ խորհրդի խորհրդական, պաշտոնաթող գեներալ-մայոր Անվար Էշկին: Նրա խոսքով՝ այդ համալիրները երկիրն արդեն ստացել է և ավարտել դրանց ինտեգրումը պաշտպանության համակարգ:
Էշկիի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի ՊՆ-ին չինական հրթիռներն անհրաժեշտ էին Պարսից ծոցում դաշնակիցների անվտանգության ապահովման, ինչպես նաև Մեքքա և Մեդինա քաղաքները հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Սաուդցի զինվորականները հաստատում են, որ DF-21 բալիստիկ հրթիռները հարձակողական զենք չեն: Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ը հավանություն է տվել գործարքին, քանի որ դրանք պատվիրվել են ոչ միջուկային սպառազինությամբ:
Հավանաբար կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 2007-ին, սակայն մինչ օրս կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել գործարքի կնքումը: Չինական բալիստիկ հրթիռների մասին տեխնիկական տվյալներ հայտնի չեն: