ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ–ում ԻԻՀ դեսպանատան և Զարգացման հայկական գործակալության նախաձեռնությամբ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մեկնարկել է իրանական 16-րդ եռօրյա ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկա էին իրանցի գործարարներ, որոնք պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել կամ իրենց ընկերությունները բերել Հայաստան: Նրանց թվում էին գործարարներ, որոնք աշխատանքի փորձ ունեն Հայաստանում, ինչպես, օրինակ, Հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատի վարչության անդամ, «Արյա Փլաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ռեզա Հեյդարին, ում ընկերությունը ներկայացված է Հայաստանում:
Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պարսկական ընկերությունները նախ ուսումնասիրում են հայկական շուկան, հետո գալիս՝ բիզնես են սկսում: Սա, ըստ նրա, առիթ է ՀՀ-ում Պարսկաստանի նոր շուկայի համար և զարգացնում է Հայաստանի տնտեսությունը:
«Այս ամենի լավագույն օրինակը «Արյա Փլաստ» ընկերությունն է՝ ամենամեծ պլաստիկ արտադրող ընկերությունը Կովկասում: Հույս ունենք, որ ՀՀ կառավարության աջակցությունը կլինի շարունակական»,- ասաց գործարարը:
Վերջինս նաև նշեց, որ հայ-իրանական առևտրաշրջանառությունը շատ փոքր է, բայց պատժամիջոցները չէ, որ խոչընդոտում են հայ-իրանական գործարար կապերի ընդլայնմանը: Նրա համոզմամբ՝ մնում է, որ Հայաստանը կարողանա ինչ-որ պայմաններ, միջոցներ ստեղծել իրանցի գործարարների համար, որպեսզի կարողանան այս բիզնեսը, ներդրումները բերել Հայաստան
«Հայ-իրանական արդյունաբերական ոլորտը պետք է զարգանա: Պարսկաստանում շատ գործարարներ այսօր աշխատում են ամենանոր տեխնոլոգիաներով և հետաքրքրված են հայկական շուկայով և հայկական շուկայում ներդրումներով: Օրինակ՝ գործարանների համար հատկացվեն փոքր քաղաքներ: Հայաստանն ու Իրանը սերտ բարեկամներ են, և իրանցիները հետաքրքրված են հայկական մշակույթով և երկրով»,- ասաց Ռեզա Հեյդարին:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով: