«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՍԴՀԿ լիբանանյան կառույցի ղեկավար Ալեքսան Քէօշկէրեանը։
Նախքան պատերազմը Սիրիայի հայ համայնքն ուներ մոտ 30 հազար անդամ, մեծամասնությունը՝ Հալեպում: Իսկ պատերազմական իրավիճակի հետևանքով նրանցից մոտ 10 հազարը տեղափոխվեցին Հայաստան, 10 հազարն էլ՝ Լիբանան: Սիրիայում հիմա հավանաբար մնացել է 10 հազար հայ: Այդ մասին այսօր «Առաջին լրատվական»-ին ասաց «Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում Հայաստան եկած, ՍԴՀԿ լիբանանյան կառույցի ղեկավար Ալեքսան Քէօշկէրեանը: Նրա խոսքերով՝ Սիրիայում գտնվող հայերի վիճակն այսօր շատ ծանր է:
«Նրանք պաշտպանում են տուն, ունեցվածք: Լիբանանի վրա ևս ուղղակիորեն ազդում են Սիրիայում ընթացող ռազմական գործողությունները: Մեր ցանկությունն է, որ Սիրիայի պատերազմը շատ արագ վերջանա, մեր քույրերն ու եղբայրները վերադառնան իրենց ծննդավայր: Վերջանա այնպես, ինչպես Սիրիայի ժողովուրդն է ցանկանում»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինս տեղյակ է, որ սիրիահայերը Հայաստանում այնքան էլ լավ վիճակում չեն, սակայն կարծում է, որ Հայաստանի կարողությունները շատ սահմանափակ են: Բացի այդ, այստեղի կացութաձևը տարբեր է Սիրիայի կացութաձևից:
«Սիրիայից եկած մեր քույրերին ու եղբայրներին պիտի հորդորեմ՝ ասելով, որ նրանք պետք է մի քիչ համբերատար լինեն, պետք է ընտելանան: Իշխանություններին պետք է ասեմ, որ պիտի ավելի հոգատար լինեն նրանց նկատմամբ: Հոգատար ասելով՝ նկատի չունեմ, որ մեր տեղաբնիկ հայրենակիցների և Սիրիայից գաղթածների միջև խտրականություն դնեն: Ոչ: Նրանք վիրավորված են, նրանք լուրջ խնդիրներ ունեն: Ունեն դժգոհություններ, սակայն ես կարծում եմ, որ ժամանակը պետք է հարթի այդ բոլոր դժվարությունները»,- ասաց Ա. Քէօշկէրեանը: