Իրաքի Քուրդիստանի համար զինամթերքների հերթական խմբաքանակը, որի կազմում են գնդացիրների և Կալաշնիկովի հրացանների համար փամփուշտներ, Չեխիայի Պարդուբիցե քաղաքի ռազմական օդանավակայանից ուղարկվել է Իրաք` Չեխիայի կառավարության կողմից անվարձահատույց ռազմական օգնության շրջանակներում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մշտական ներկայացուցիչ Պյոտր Մեդեկին:
«Ըստ կանադացի գործընկերների հետ պայմանավորվածության` Չեխիայից քրդերի համար զինամթերքները կմատակարարի կանադական ռազմաօդային ուժերի Boeing C-17 Globmaster III ինքնաթիռը: Քանի որ ամբողջ մատակարարումների ընդհանուր քաշը 500 տոննայից ավելի է, որոշվել է այն 8 մասի բաժանել: Այս անգամ Իրաք են ուղարկվել գնդացիրների և Կալաշնիկովի հրացանների համար փամփուշտներ, ինչի կարիքն այժմ ամենից շատ ունեն քուրդ զինյալները»,- ասվում է հաղորդագրությունում:
Մատակարարվող զինամթերքների կազմում են 8 մլն փամփուշտ՝ գնդացիրների համար, 10 մլն փամփուշտ՝ Կալաշնիկովի ավտոմատների համար, 5 հազար արկեր՝ զրահամեքենաների համար և 5 հազար ձեռքի նռնակներ: