Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և աշխարհի տարբեր պետություններից համաժողովի ժամանած սփյուռքահայեր:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նախապես շնորհավորել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ համայն հայությունը միավորվել է մեկ գաղափարի շուրջ՝ դատապարտել հայության դեմ կատարված ոճրագործությունը, հասնել ցեղասպանության ճանաչմանը մարդկության կողմից, քանի որ ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, այլև միջազգային հանրության:
ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ 2015 թվականին Երևանում Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցեն ոչ միայն հայեր, այլև Հայոց ցեղասպանությունը դատապարտող օտարազգիներ: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդարանականնները և համաժողովի մասնակիցները զրուցել են և բարեմաղթանքներ հղել միմյանց: Այնուհետև հյուրերը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և պատգամավորների հետ շրջել են խորհրդարանում, լուսանկարվել ԱԺ նիստերի դահլիճում: