Վաշինգտոնը ողջունում է Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեի արդյունքները: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Մենք ողջունում ենք Շոտլանդիայի անկախության վերաբերյալ երեկվա հանրաքվեի արդյունքները և Շոտլանդիայի ժողովրդին շնորհավորում ենք ժողովրդավարության լիակատար իրագործման համար»,- ասվում է Օբամայի հայտարարության մեջ, որն ուրբաթ օրը տարածել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը «ավելի մտերիմ դաշնակից չունի, քան Մեծ Բրիտանիան է», և Վաշինգտոնը սպասում է Բրիտանիայի ժողովրդի հետ սերտ և հատուկ հարաբերությունների շարունակվելուն:
Հիշեցնենք՝ Շոտլանդիայում սեպտեմբերի 18-ին անցկացվել է Մեծ Բրիտանիայի կազմից տարածքի դուրս գալու հարցով հանրաքվե: Շոտլանդիայի անկախության օգտին քվեարկել է ընտրողների 44,7%-ը, դեմ՝ 55,3%-ը: