Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածու Ռիչարդ Միլսը Սենատում իր թեկնածության քննարկման ժամանակ հայտարարել է, որ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների սերտացումը կարող է փոխլրացնել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
ԱՄՆ դեսպանի թեկնածուն ըստ էության ներկայացրել է Հայաստանի հետ Արևմուտքի աշխատանքի ուղղություններից մեկի վերաբերյալ նոր մոտեցում, ըստ որում՝ հիմնական ուղղություններից մեկը: Այսպիսով, ըստ ամենայնի հիասթափված լինելով Հայաստանի քաղաքական որոշումներից, ինչի մասին Միլսը հայտարարել է բացահայտորեն, Արևմուտքը փաստորեն, այնուհանդերձ, որոշել է առնվազն չթողնել Հայաստանը: Համենայնդեպս, ներկայացվող բանաձևը ըստ էության առնվազն չթողնելու բանաձևն է: Այսինքն՝ եթե չանել Հայաստանի հանդեպ որևէ բեկումնային որոշումներ, ապա առնվազն շարունակել Հայաստանում աստիճանական ներկայության ապահովման գործընթացը, շարունակել տնտեսական կապերը և այսպիսով կամաց-կամաց ձգտել այլընտրանքային հնարավորությունների ձևավորման:
Ինչքանով արդյունավետ կլինի այս բանաձևը՝ շատ դժվար է ասել: Սրան զուգահեռ՝ միևնույն ժամանակ բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում ներկայիս ԱՄՆ դեսպանը՝ Ջոն Հեֆերնը, որը հայտարարել է՝ ժամանակն է, որպեսզի քաղաքացիական հասարակությունը Հայաստանում կարողանա ֆինանսական աջակցության խնդիրները լուծել:
Այս երկու մոտեցումները պետք է համադրել և ըստ էության միայն այս ձևով կարող է տնտեսական համագործակցության սերտացումը իրականում փոխլրացնել Եվրասիական միության քաղաքական համակենտրոնացման ճամբարին, ուր քշում են կամ քաշում են Հայաստանը: Այսինքն՝ տնտեսական ծրագրերն ու նախագծերը պետք է սերտորեն ներդաշնակվեն և կապված լինեն քաղաքացիական հասարակության ամրացման աշխատանքներին: Այսինքն՝ պետք են տնտեսական ծրագրեր՝ սոցիալ-հասարակական պատասխանատվության կարևոր բաղադրիչներով:
Այս դեպքում այլընտրանքի, փոխլրացման մասին խոսելը կլինի իրատեսական: Առանց սրա ակնհայտ է, որ չի ստացվելու ոչ մի քաղաքական էֆեկտ, և Հայաստանում ներկայություն պահելու նվազագույն քաղաքականությունն ի վերջո ավարտվելու է մի նոր առիթով՝ մի նոր սեպտեմբերերեքյան որոշմամբ:
Սրանից խուսափելու համար արևմտյան նոր բանաձևում պետք է առանցքային ու հստակ լինի տնտեսական ծրագրերի և քաղաքացիական հասարակության փոխադարձ կապը, որպեսզի հերթական անգամ չկորչեն ժամանակ և ռեսուրսներ: