Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցները թանկ են արժենում Ռուսաստանին ու Եվրոպային և կվերացվեն այն ժամանակ, երբ կկարգավորվի ուկրաինական ճգնաժամը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է RIA Novosti–ն։
«Պատժամիջոցները կհանվեն, եթե լինի իրական, մշտական հրադադար, եթե լինի ճգնաժամի խաղաղ կարգավորում։ Այդ պատժամիջոցները թանկ են արժենում Ռուսաստանին, թանկ են արժենում Եվրոպային։ Այդ քաղաքականությունը թանկ է արժենում տնտեսական աճի տեսանկյունից»,- ասել է նախագահը հինգշաբթի օրվա մեծ մամլո ասուլիսում։
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատացան Ուկրաինայի իրավիճակի հետ կապված։ Հուլիսի վերջին ԵՄ-ը և ԱՄՆ-ն առանձին ֆիզիկական անձանց ու ընկերությունների նկատմամբ կետային պատժամիջոցներից անցան պատժամիջոցների ռուսական տնտեսության ամբողջական սեկտորների դեմ։ Ի պատասխան՝ Ռուսաստանը սահմանափակեց պարենամթերքի ներկրումն այն երկրներից, որոնք նրա նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանել՝ ԱՄՆ, ԵՄ պետություններ, Կանադա, Ավստրալիա և Նորվեգիա։