Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլսը դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում իր համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի մասին խոսել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարցերով հանձնաժողովի առջև: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը:
Միլսի խոսքով՝ հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ ջանքերը հիմա հատկապես կարևոր են, քանի որ ԱՄՆ-ը և աշխարհը հաջորդ տարի՝ 20-րդ դարի վատագույն վայրագությունների 100-ամյա տարելիցին, ի զորակցություն կկանգնեն հայ ժողովրդի կողքին:
«Ողբերգական տարելիցին ընդառաջ կարևոր է, որպեսզի Թուրքիան փոխգործակցի Հայաստանի հետ՝ հասնելու փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչման, որպեսզի երկու ազգերը կարողանան սկսել հարաբերություններ կերտել, որոնք կլինեն խաղաղ, արդյունավետ և ծաղկուն»,- ասել է նա:
Այս տարի նշվում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունների ստորագրման 5-րդ տարին: «Մենք շարունակում ենք ընդգծել այդ արձանագրությունների վերջնական հաստատման կարևորությունը՝ առանց նախապայմանների կամ որևէ այլ հարցի հետ կապելու»,- ասել է Միլսը: