Microsoft կորպորացիայի համասեփականատեր Փոլ Ալլենը դատական հայց է ներկայացրել American Auctions ընկերության դեմ այն պատճառով, որ այն չի կատարել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի գերմանական Panzer տանկի վաճառքի պայմանագիրը: Ալլենի խոսքերով՝ ռազմական տեխնիկայի հազվագյուտ օրինակը նա պատրաստվում էր գնել վաշինգտոնյան Flying Heritage Collection ռազմական թանգարանի համար, սակայն վճարելուց հետո էլ 2,5 միլիոն դոլար արժողությամբ տանկը նրան չեն տրամադրել, գրում է russian.rt.com -ը:
Գործի նյութերի համաձայն՝ Vulcan Warbirds ընկերությունը, որի համասեփականատերերից մեկը Փոլ Ալլենն է, American Auctions ֆիրմայի հաշվին է փոխանցել 2,5 միլիոն դոլար, սակայն չի ստացել Panzer IV տանկը:
Պատասխանող ընկերության տնօրեն Ռոբ Քոլլինզը հավատացնում է որ, պայմանագրի պայմանների համաձայն, նա կարող է տանկը գնորդին փոխանցել միայն այն բանից հետո, երբ կգտնի դրան հավասարը, այդ պատճառով էլ ներկա պահին ռազմական մեքենան օրենքով պատկանում է իր ընկերությանը:
Ընդ որում, պատասխանողը նշել է, որ ԱՄՆ-ի տարածքում ներկա պահին նման երկու տանկեր կան: