Ֆրանսիայում հետաքննություն է ընթանում Սիրիայում իսլամիստների շարքերում կռվելու պատրաստ մուսուլմանների հավաքագրման ընդհատակյա ցանցի գործունեության վերաբերյալ, որի շրջանակում ձերբակալվել է 5 մարդ: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը հաստատել է երկրի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնյովը:
Ձերբակալություններն իրականացվել են երեքշաբթի օրը Լիոնի արվարձաններից մեկում: Ենթադրվում է, որ ձերբակալվածներն «ակտիվ դեր են խաղացել» Սիրիա մոջահեդների կողմն անցնել պատրաստ երիտասարդ աղջիկների ուղարկելու գործում: Խուզարկության արդյունքում կասկածյալների մոտից առգրավվել է հրազեն, մի խմբաքանակ տեխնիկա, «որի նշանակությունը պետք է դատական հետաքննությունը պարզի»:
Այդ ձերբակալությունները մեկնաբանելով՝ Կազնյովը նշել է, որ նման ձերբակալություններ պարբերաբար իրականցվում են Ֆրանսիայի տարբեր շրջաններում: «Կառավարությունը մտադիր է հետագայում ևս պարտադիր պայքարել ջիհադի կողմնակիցների բոլոր ընդհատակյա ցանցերի դեմ»,- ասել է նա:
Ֆրանսիական իշխանությունների գնահատմամբ՝ այսօր երկրի մոտ 930 քաղաքացի այս կամ այն կերպ կապ ունեն Սիրիայում և Իրաքում իսլամիստների կողմից ռազմական գործողություններին: