Իրաքի և Սիրիայի տարածքում մի քանի ահաբեկչություն իրագործել են Գերմանիայից իսլամիստները: Այս մասին հայտնում է Sueddeutsche Zeitung պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Դեպքերի ստույգ թիվը չի հաղորդվում, բայց պարբերականը գրում է, որ դրանք 5-ից ավելի են եղել, ևս 4-ը ներկայումս հետաքննվում են:
Գերմանիայում բազավորված «Ալմանիս» խմբավորումը, որն օգնում է «Իսլամական պետությանը», պարբերականի տեղեկությամբ, նշված գրեթե բոլոր ահաբեկչություններն իրականացրել է «Իսլամական պետության» պատվերով: Դրանք իրականացվել են նաև Բաղդադում ու քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Թերթը գրում է, որ «Ալմանիսը» գերմանացիների աղավաղված արաբական անունն է, բայց խմբավորման մեջ կան եվրոպական այլ երկրների քաղաքացիներ ևս:
Պարբերականի տվյալներով՝ ավելի վաղ Բաղդադում ձերբակալվել է «Իսլամական պետության» բարձրաստիճան անդամ, որն իրավապահներին հայտնել է, թե հունիսին ինքը Բաղդադի հարավ է տարել Գերմանիայի քաղաքացու, որը կազմակերպել է 54 մարդու կյանք խլած ահաբեկչություն: Բաղդադում ձերբակալվածը նաև ասել է, որ Ֆալուջայում «Իսլամական պետության» թաքստոցներից մեկում ևս 3 գերմանացու է տեսել:
Գերմանիայից արմատականներ ավելի վաղ նկատվել են նաև Աֆղանստանում, բայց դրանք եզակի դեպքեր են եղել: