Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը չորեքշաբթի օրը Air France ավիաընկերության օդաչուներին կոչ է արել դադարեցնել երկուշաբթի սկսած գործադուլը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«Ափսոսանք է առաջացնում, որ քաղաքացիների մի կատեգորիան, այս դեպքում՝ օդաչուները, կարող է դադարեցնել օդային հաղորդակցությունը երկրում: Այդ սոցիալական հակամարտությանը պետք է վերջ տրվի: Ես Air France-ի օդաչուներին կոչ եմ անում դադարեցնել գործադուլը, նստել կլոր սեղանի շուրջ՝ հասկանալու համար, որ նրանց կարգավիճակը չի վտանգվում, սակայն վտանգված է Air France-ի ապագան: Եվ այս ճգնաժամից դուրս գալուն մեզ կարող է օգնել միայն երկխոսությունը»,- ասել է Վալսը:
Ավիաընկերության օդաչուների գործադուլը, որը, ինչպես սպասվում է, կտևի 1 շաբաթ, սկսվել է երկուշաբթի: Գործադուլավորների հիմնական պահանջը Air France-ի օդաչուների աշխատավարձի և սոցիալական ապահովման չափի պահպանումն է՝ Transavia բյուջետային դուստր ընկերություն տեղափոխվելուց հետո: Չորեքշաբթի օրվա համար կանխատեսումներով՝ ավիաընկերությունը ծրագրում է իրականացնել բոլոր ծրագրված չվերթերի մոտ 40%-ը: