Պակիստանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երկրի վարչապետ Նավազ Շարիֆի և մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղադրվում են երկրի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ակցիայի 3 մասնակիցների մահվան մեջ: Այս մասին հայտնում է «Դոոն» թերթի էլեկտրոնային տարբերակը:
10-օրյա խաղաղ նստացույցի մոտ 25 հազար մասնակիցներ Իսլամաբադի «կարմիր» կառավարական գոտում օգոստոսի 30-ին փոխել են բողոքի ռազմավարությունը և փորձել մոտենալ խորհրդարանի շենքերի համալիրին և վարչապետի նստավայրին, ինչի հետևանքով ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել: Բախումների հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս մոտ 500 ցուցարար՝ վիրավորվել:
Ինչպես հաղորդվում է՝ բոլոր զոհվածները եղել են «Պակիստանի ազգային շարժում» կուսակցության ակտիվիստներ: Կուսակցության ղեկավարությունը ավելի ուշ դիմել է մայրաքաղաքի դատարաններից մեկին՝ խնդրելով ոստիկանությանը պարտադրել քրեական հետապնդում սկսել կառավարության ղեկավարի, մի շարք դաշնային նախարարների և ոստիկանության ղեկավարների դեմ, որոնք, ընդդիմության կարծիքով, մեղավոր են ցուցարարների մահվան մեջ: