Կասկածելի աղբյուրներից Kindle «ընթերցողի» մեջ բեռնված էլեկտրոնային գրքերը կարող են հանգեցնել Amazon-ի օգտահաշվի գողության՝ հայտնում է hitech.vesti.ru-ն: Այս մասին զգուշացրել է անվտանգության հարցերով գերմանացի հետազոտող Դենիել Մյուսսերը և խորհուրդ տվել կոնտենտը միշտ բեռնել միայն պաշտոնական խանութից:
Մասնագետի խոսքով՝ խոցելի է Manage Your Kindle էջը: Այն հանցագործներին հնարավորություն է տալիս գրքի մետատվյալներում թաքցնել վնասակար ծածկագիր, որն ավտոմատ կգործի Kindle գրախանութի բացվելուն պես: Այդպիսով, ցանցահեններն անմիջապես հասանելիություն կստանան cookie-ֆայլերին, հետևաբար նաև՝ զոհի օգտահաշվի հաշվառման տվյալներին:
Մյուսսերն Amazon-ին այս մասին տեղեկացրել է դեռ 2013-ի հոկտեմբերին՝ ստեղծելով խոցելիությունը ցույց տվող ֆայլի օրինակ: Ընկերությունն ուղղել է սխալը, բայց, ըստ ամենայնի, այն կրկին թույլ է տրվել հաջորդ թարմացման մեջ: