Մերձավոր Արևելքի և Աֆրիկյան երկրներում գործող ահաբեկչական խմբավորումներն ունեն մինչև Եվրոպա հասնելու իրական հնարավորություն: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին Կահիրեում երեքշաբթի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նախագահի գրասենյակի տարածած կոմյունիկեում ասվում է, որ նախագահը նախազգուշացրել է ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանում, այլև Սև մայրցամաքում ծայրահեղական միտումների տարածման ռիսկի մասին:
«Այդ ամենն անխուսափելիորեն այնուհետև կհասնի Եվրոպա, հատկապես Միջերկրական ծովի հյուսիսի երկրներ: Այդ իսկ պատճառով ահաբեկչությունն արմատախիլ անելու համար կարևոր է, որ գործենք համաձայնեցված՝ միջազգային հանրության ընդհանուր ռազմավարության շրջանակում»,- ասել է Ալ-Սիսին:
Նրա խոսքով՝ չի կարելի սահմանափակվել մեկ խմբավորման կամ առանձին ահաբեկչական ցանցերի դեմ դիմակայությամբ: