Նյու Յորքում բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նոր նստաշրջանը: 69-րդ նստաշրջանի աշխատանքը բացել է Գլխավոր ասամբլեայի նոր նախագահ, Ուգանդայի նախկին արտգործնախարար Սեմ Կուտեսան՝ հայտարարելով լռության, աղոթքի ու մտորումների րոպե: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տարվա ընթացքում Գլխավոր ասամբլեայում ծրագրվում է քննարկել մոտ 170 հարց՝ սկսած միջազգային անվտանգության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցերից, վերջացրած բնիկ ժողովուրդների կարգավիճակի և հասարակության լեզվական բազմազանության հարցերով:
«Այժմ գործողությունների ժամանակն է, արդյունքների ժամանակը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նստաշրջանի բացմանը:
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը նստաշրջանի շրջանակում կանցկացվեն պետությունների, կառավարությունների ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով համաքաղաքական քննարկումներ:
Պան Գի Մունը նշել է նաև 2015-ից հետո գլոբալ զարգացման օրակարգի մշակման անհրաժեշտությունը, երբ լրանա աղքատության, չքավորության և մանկական մահացության դեմ պայքարի ներկայիս հանձնարարությունների կատարման ժամկետը: