Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նշանակվել է կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի խաղաղության դեսպան: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հայտարարությանը:
Գլխավոր քարտուղարի խոսքերով` ինքը Դի Կապրիոյին հրավիրել է կլիմայի հարցերով գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում:
«Դի Կապրիոն հայտնի դեմք է շրջակա միջավայրի պաշտպանության շարժման մեջ, և նա ունի այդ շարժման հաղորդագրություններն ուժգնացնելու բոլոր հնարավորությունները»,- ասել է Պան Գի Մունը:
Նա նաև գոհունակություն է հայտնել այն բանի հետ կապված, որ դերասանը որոշել է աջակցել խնդրի արձագանքման ՄԱԿ-ի ջանքերին:
Իր հերթին, Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է դառնալ ՄԱԿ-ի խաղաղության դեսպան: