Այսօր տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնը նվիրված է Երևանի պետական համալսարանի 95-ամյակին: Այն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո և Բրիտանական խորհրդի աջակցությամբ:
Փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել հանրահայտ դիջեյ Սուիչը/DJ Switch (Միացյալ Թագավորություն): Հանդիսատեսին ներկայացվեցին Գաբրիել Պրոկոֆևի ձայնարկչի և նվագախմբի համար կոնցերտը և Մայլս Հենքոքի ձայնարկչի, բիթբոքսերի և նվագախմբի կոնցերտը (համաշխարհային պրեմիերա):
Փառատոնը բացումն իրականացրեց Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Իր ելույթում նա նշեց, որ տարածաշրջանում առաջին անգամ է նորարարական համերգ կայանում:
«Ինձ համար մեծ հաճույք է գտնվել այստեղ, ձեզ ներկայացնել զարմանալի համերգ, որը լավ ապացույցն է հայ և բրիտանացի երաժիշտների համագործակցության»,- նշեց դեսպանը:
Փառատոնի ընթացքում անցկացվելու են համերգներ, վարպետության դասեր: Ծրագրի շրջանակներում Երևանը հյուրընկալելու է ինչպես հռչակավոր երաժիշտների, այնպես էլ երիտասարդ տաղանդների աշխարհի տարբեր ծայրերից, ովքեր ներկայացնելու են խաչատրյանական գեղեցիկ արվեստը: Նրանց թվում են Զախար Բրոն, Վահագն Պապյանը, Աննա Տիֆուն, Ալեքսանդր Ռոմանովսկին, Նին Ֆենը, Մարիա Դոմաշենկոն և ուրիշներ: