«Այս ամբողջ ընթացքում ստեղծել ենք պայմաններ, որ այլևս Հայաստանի և Արցախի հետ պարտադրելու պայմանով խոսելն անհնար է»,- հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանում ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ Արցախի ինքնորոշումն այլընտրանք չունի, և ստեղծվել է հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի կայուն համակարգ:
«Հակառակորդի դիվերսիոն բոլոր գործողությունները հասել են մինչև մեր ստեղծած այդ ինժեներական սարքավորումները և կանգ են առել՝ չեն կարողացել առաջ գնալ»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ 2014-ը բանակի համար հաջողության տարի էր թե՛ պատրաստվածության և թե՛ հակառակորդին արժանի հակահարված տալու առումով: Դրա վկայությունը վերջին դեպքերի ժամանակ հակառակորդի կողմից գրանցված 9 անգամ ավելի կորուստներն են:
«Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած՝ այսօր բազմապատկվում են»,- ասաց նա՝ հավելելով, որ հակառակորդի սադրանքները կանխող զինվորները մերօրյա հերոսներ են, որոնց շնորհիվ եղավ համախմբում, և որոնց գործողությունների շնորհիվ Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը առավել վստահ էր, իսկ Ալիևը՝ ընկճված:
«Հակառակորդը չի կարողանում հանգիստ նստել և որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ բանակցային գործընթացին զուգահեռ՝ լարվածություն ստեղծի, բայց դա նրան չի հաջողվել»:
Նախարարը համալսարանական երեք զինվորի հատկացրեց 10-օրյա խրախուսական արձակուրդ: Պարգևատրվեցին նաև համալսարանականները, ովքեր ամուր են պահում և զարգացնում են բանակ-բուհ կապը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում