Ուկրաինայի արևելքում այս տարվա ապրիլին հակամարտության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 3100 մարդ, ավելի քան 8000-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին են վկայում Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության տվյալները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ուկրաինայի արևելքում սեպտեմբերի 11-ի դրությամբ առնվազն 3171 մարդ է սպանվել, այդ թվում՝ նվազագույնը 27 երեխա, և 8061 մարդ վնասվածքներ են ստացել՝ ներառյալ նվազագույնը 56 երեխա»,- ասվում է հաշվետվությունում:
Համաձայն փաստաթղթի՝ ներքին տեղահանվածների թիվը հասել է 263 հազարի: Եվս մոտ 367 հազար ուկրաինացիներ փախել են հարևան երկրներ:
Ինչպես ավելի վաղ խոստովանել էին ՄԱԿ-ում, տեղահանվածների իրական թիվը կարող է ավելին լինել, քանի որ շատերը նախընտրում են չգրանցվել: