Անհայտ վանդալները Բեռլինում պղծել են կոմպոզիտորներ Բեթհովենի, Հայդենի և Մոցարտի հուշարձանը, գրում է ITAR-TASS-ը:
Ինչպես հաղորդում է գերմանական մայրաքաղաքի ոստիկանությունը՝ հանցագործները հուշարձանի վրա հակահրեական կարգախոսներ են գրել:
Գրառումը երկուշաբթի առավոտյան հայտնաբերել են պատահական անցորդները: Գրառումներն արդեն մաքրված են: Դեպքի հետաքննությունը սկսված է:
Բացառված չէ, որ սադրանքի պատճառը անցած կիրակի Գերմանիայի մայրաքաղաքում կայացած բողոքի ակցիան է, որը կազմակերպվել էր Գերմանիայում Հրեաների կենտրոնական խորհրդի կողմից: Ակցիային մի քանի հազար մարդ է մասնակցել, այդ թվում նաև հայտնի քաղաքական գործիչներ՝ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, կանցլեր Անգելա Մերկելը, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը և նախարարների կաբինետի այլ անդամներ, եկեղեցական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Հակհրեական երևույթների դեմ ուղղված արարողությունը անցկացվել է Բրանդենբուրգյան դարպասների մոտ:
1904-ին մեծ կոմպոզիտորների հիշատակին ստեղծված հուշարձանը գտնվում է Բեռլինի կենտրոնում՝ Տիրգարտեն զբոսայգում: