Պերուի Հանրապետության Նախարարների խորհրդի նախկին նախագահ Ռենե Կորնեհոյի էլեկտրոնային փոստը կոտրելու ու երկրում քաղաքական սկանդալի պատճառ դարձած անձնական նամակների հրապարակման հեղինակները եղել են LulzSecPeru խմբավորման երկու երիտասարդ հաքերներ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ LulzSecPeru-ն, որի մեջ մտնում են ընդամենը երկու մարդ, ամերիկյան հայտնի LulzSec-ի տարածաշրջանային տարբերակն է: LulzSecPeru-ի անդամներին, ինչպես իրենք են պատմել լրագրողներին, հաջողվել է հասանելիություն ստանալ մոտավորապես 3.5 հազար էլեկտրոնային նամակների, որոնք ուղարկել է Կորնեհոն այս տարվա փետրվար-հուլիս ընկած ժամանակահատվածում:
Ինչպես նշում է գործակալությունը` այդ հրապարակումները Պերուում մեղադրանքների հիմք են դարձել, թե՝ նախարարները ավելի շատ գործել են որպես տարբեր ոլորտների լոբբիստներ, քան ժողովրդի ծառաներ: Հիմնականում հենց այդ պատճառով կառավարությունը օգոստոսի վերջին չկարողացավ ստանալ խորհրդարանի վստահությունը: