Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը քաղաքականություն ո՛չ այստեղ և ո՛չ էլ Արցախում միանշանակ չի ընդունվում:
Հայաստանում թե՛ հարցումները և թե՛ առանձին գործիչների հետ հարցազրույցները ցույց են տալիս, որ դեռևս չեն մոռացվել Քոչարյանի նախագահության օրոք և նրա անմիջական հրամանով կատարված ոճրագործությունները՝ Մարտի 1, Հոկտեմբերի 27, Պողոս Պողոսյանի սպանություն․․․
Արցախում ազատամարտիկներ Արթուր Խաչատրյանը, Մխիթար Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշել են, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր նախագահ, և թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Սերժ Սարգսյանը պետք է հեռանան քաղաքականությունից: Արցախում ազատամարտիկները, Քոչարյանին ընտրելով որպես Արցախի նախագահ, հետագայում փոշմանել են իրենց ընտրության համար:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանն ասաց, որ երկրորդ նախագահը պարզապես տարին մեկ բեմ է բարձրանում իր ամբողջ շքախմբով, մանկլավիկներով, իրեն պաշտամունքի առարկա դարձնող կուսակցություններով ու փորձում երևալ․ «Երևի նրա նպատակները հեռահար են՝ նորից վերադառնալ իշխանության, ինչն ընդհանրապես ցանկալի չէ»:
Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հասարակությունը կընդունի նրա վերադարձը, Մխիթար Ավետիսյանն ասաց․ «Հասարակությունը բազմաշերտ է ու նաև բազմակարծիք թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Չգիտեմ, ոնց կընդունեն, համենայնդեպս, լավ կլինի, որ չընդունեն, ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները չպետք է լինեն Հայաստանի նախագահ»:
Մենք հիշեցրինք նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շնորհավորանքը Քոչարյանին, և հարցրինք, թե այդ ի՞նչ մեծ ներդրում է ունեցել Քոչարյանը Արցախի կայացման հարցում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ամենամեծ «ներդրումը» ԲՀԿ կուսակցության ստեղծումն է, ամենամեծ «ներդրումը» Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ կուսակցությունն է: Նրա համար միշտ առաջնահերթություն է եղել կարիերան ու ամբիցիաները: Նա իրեն կուսակցական երբեք չի համարել, բայց ձգտել է սերտ հարաբերություններ ունենալ կուսակցություների հետ, դրա համար էլ լավացրեց հարաբերությունները նաև Դաշնակցության հետ»: