Վրաստանի իշխանություններն Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով չեն փոխի Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման կուրսը՝ վրացական «Մաեստրո» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Մեր ընկերոջ և գործընկերոջ՝ Ուկրաինայի դժվարությունների պատճառով այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններում բարդություններ կան, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կուրսը կփոխվի: Քաղաքական կուրսն ուղղված է Ռուսաստանի հետ լարվածության թուլացմանը»,- ասել է Մարգվելաշվիլին:
Նա ավելացրել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չպետք է կախված լինեն «եվրոպական խնդիրներից», սակայն նշել է, որ Վրաստանի իշխանությունների համար սկզբունքային հարց է երկրի տարածքային ամբողջականությունը: