Ուկրաինայի զինվորականների կողմից գնդակոծությունները հանգեցրել են Լուգանսկում խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի: Այս մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Լուգանսկում և դրա շուրջ կառավարության ու ապստամբների կողմից անօրինական հարձակումները իրենց հետ կորուստներ են բերել քաղաքացիական բնակչության շրջանում,- նշվում է փաստաթղթում:- Լուգանսկի դիահերձարանի բժշկի տեղեկությամբ՝ պայթուցիկ միջոցների գործածության հետևանքով մայիսից քաղաքում զոհվել է 300-ից ավելի խաղաղ բնակիչ»:
Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ «ստույգ պարզել, թե հատկապես ով է պատասխանատու մարտերի ընթացքում առանձին հարձակումների համար, դժվար էր»: Միաժամանակ նրանք նշում են՝ «անուղղակի ապացույցներ կան, որ քաղաքում Human Rights Watch-ի հետաքննած շատ հարձակումների համար պատասխանատու են կառավարական ուժերը»: Միաժամանակ նշվում է, որ անջատողականները «պատասխանատու են եղել (քաղաքի) արվարձանների՝ կառավարական վերահսկողության տակ գտնվող տարածքներում մի քանի հարվածների համար»: