Google ընկերությունը շնորհանդեսը նշանակել է սեպտեմբերի 15-ին՝ Հնդկաստանում: Միջոցառման մանրամասների մասին ինտերնետ որոնողական համակարգը խոստացել է ավելի ուշ հայտնել: Ինչպես սպասվում է, այդտեղ մանրամասն կնկարագրվի Android One նախաձեռնության մասին, որի շրջանակում ծրագրվում է թողարկել «բարձրորակ ու ոչ թանկ սմարթֆոններ» հատուկ զարգացող շուկաների համար՝ գրում է 9to5google-ը:
Android One-ը հակիրճ նկարագրել է ընկերության փոխնախագահ Սունդար Պիչայը՝ ելույթ ունենալով մայիսին կայացած Google I/O համաժողովին:
Նրա խոսքով՝ այդ շարքի արտադրանքի գները չեն գերազանցի 100 դոլարը: Դրանց վրա տեղադրվելու է Android-ի «մաքուր» տարբերակ, սակայն Google Play խանութների միջոցով օպերատորները կկարողանան ավելացնել սեփական հավելվածները:
Հնդկաստանում Google-ի հերթական շնորհանդեսի կայացումը պատահական չէ, քանի որ Android One շարքի առաջին սմարթֆոնը կհայտնվի հենց այդ երկրում: