Ռուսաստանին կարող են ժամանակավորապես բացառել «Մեծ քսանյակից», որի կազմում մտնում են ամենահզոր տնտեսությամբ երկրները, այդ թվում՝ նոր արդյունաբերական երկրները: Այս մասին հաղորդում է DW-ն:
G20-ի երկրները նման որոշում կարող են կայացնել Արևելյան Ուկրաինայում հակամարտության սրման կապակցությամբ՝ հաշվի առնելով այդ գործընթացներում Ռուսաստանի դերակատարությունը: Այս մասին հաղորդել է գործարար շրջանակների Handelsblatt գերմանական թերթը սեպտեմբերի 2-ի հրապարակման մեջ:
Քննարկման ժամանակ համապատասխան առաջարկով հանդես կգա Ավստրալիան՝ հաղորդում է պարբերականը:
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախօրեին Ավստրալիան այլ երկրների հետ մտադիր է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այդ իրադարձությանը հրավիրելու հարցը: Առայժմ վերջնական որոշում չի կայացվել: G20-ի գագաթնաժողովը կկայանա նոյեմբերին՝ ավստրալական Բրիսբեն քաղաքում: