«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրամանով առաջիկայում կազատվի աշխատանքից։
Վարչապետն իր պաշտոնում նշանակվելու օրից այդպես էլ չսիրեց Ղազարյանին և հարմար առիթ էր փնտրում ազատվելու Ղազարյանից։ Պատճառը 2012-ին Եղեգնաձորի քաղաքապետի ընտրության ժամանակ Հովիկ Աբրահամյանի խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին հասցրած վիրավորանքն էր։
Հիշեցնենք, որ այդ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Էդգար Ղազարյանը, հորդորելով ընտրել ՀՀԿ-ական թեկնածուին, ասել էր․ «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին, ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու։ Փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-ով կընկնեն հետևից կգան, դեմը կկանգնեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»։ Ծառուկյանն էլ հակադարձել էր ՀՀԿ-ական մարզպետի դիտարկմանը՝ նրան անվանելով խակ ծիրան և ջերմուկ ծախող։ «… ձեր նոր նշանակված մարզպետը, որն այս 4 ամսվա ընթացքում ոնց որ եղել է ջերմուկ վաճառող, մինչև հիմա վաճառողի մակարդակից չի էլ փոխվել։ Այս ընթացքում արդեն ժողովուրդն իր գնահատականը տվել է՝ ծիրանի ցոգոլ»,- ասել էր Ծառուկյանը։
Եվ չնայած Էդգար Ղազարյանը համարվում է Սերժ Սարգսյանի կադրն ու Աշոտ Արսենյանի հովանավորյալը, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանին հաջողվել է հասնել իր ուզածին, և Սերժ Սարգսյանն այս հարցում տեղի է տվել։ Որպես փոխհատուցում՝ Ղազարյանը դեսպան կուղարկվի Լեհաստան։
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Էդգար Ղազարյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է Լեհաստան։