«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի երկրորդ փեսան՝ Վովա Թամրազյանը, մի քանի օր առաջ նշանակվել է «Զվարթնոց» մաքսատան պետ:
Այս նշանակման մասին խոսվում էր դեռ վաղուց՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց շաբաթներ անց, երբ նրա մյուս փեսան՝ Վահան Մամիկոնյանը, Շենգավիթի ոստիկանապետից դարձավ նույն համայնքի հարկայինի պետ: Եվ եթե Մամիկոնյանի նշանակումը միանգամից հաստատվեց, ապա Թամրազյանի նշանակումը ձգձգվում էր՝ թերևս, հաշվի առնելով մամուլում բարձրացված մեծ աղմուկը: Ասում էին, թե Հովիկ Աբրահամյանը սպասում է, որ իրավիճակը փոքր-ինչ խաղաղվի, որից հետո հնարավորություն կստանա անաղմուկ ավարտին հասցնել փեսայի նշանակումը, քանի որ այդ պաշտոնում պատկերացնում է միայն ու միայն փեսա Թամազյանին: Եվ, փաստորեն, սպասելիքներն արդարացան: Հանրապետության բավական «յուղոտ» պաշտոններից երկուսն այլևս զբաղեցնում են նրա փեսաները:
Այս նշանակումը մեկ անգամ ևս հաստատեց Հովիկ Աբրահամյանի այն միտքը, թե «սկսելու է իր մտերիմներից, իր բարեկամներից»: