Ավստրալիայի կառավարությունը խստացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի արևելքում հակամարտության հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի վարչապետ Թոնի Էբոթի հայտարարությանը:
Նոր սահմանափակումները ենթադրում են Ռուսաստանին զենք և նավթագազային ոլորտի համար սարքավորումներ մատակարարելու արգելք: Բացի դրանից՝ արգելվել է ավստրալական կապիտալի շուկային ռուսական պետական բանկերի հասանելիությունը, Ղրիմում ներդրումները կամ նրա հետ առևտուրը:
«Ներկայումս առնվազն հակամարտության (Ուկրաինայի արևելքում) հետևանքով զոհվել է 2500 մարդ: Եկեք հստակեցնենք՝ ինչ է այստեղ կատարվում: Ռուսաստանն է այն սկսել, և Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի այդ մարդկանց մահվան համար: Ես պետք է տեղեկացնեմ, որ Ավստրալիան Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ընդլայնում է մինչև ԵՄ մակարդակ»,- հայտարարել է Էբոթը: