36 տարի առաջ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցն ավարտած առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դպրոցում չի փայլել գերազանց առաջադիմությամբ: Հատկապես լեզվի դասերը նրա համար բարդ են եղել, բայց սիրելի առարկաներ էլ է ունեցել, որոնք էլ մեծ դեր են խաղացել հետագայում մասնագիտություն ընտրելու հարցում:
«Չէի ուզենա ձեզ հիասթափեցնել, բայց պետք է ասեմ, որ չեմ փայլել դպրոցում: Առանձին առարկաներ հաջողվում էին, առանձին առարկաներ մեծ սիրով էի պարապում, բայց կային առարկաներ, որոնցից խուսափում էի: Հատկապես լեզվի դասերը հիմնականում ինձ համար ծանր էին: Բայց կենսաբանությունը, քիմիան շատ հաջող էր, որոնք էլ հետագայում ինձ պետք եկան»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նախարարը:
Նա Գիտելիքի օրվա կապակցությամբ խաղաղություն և պայծառ ապագա մաղթեց աշակերտներին և առաջին դասարանցիներին: «Ցանկանում եմ, որ մեր ապագա սերունդը խաղաղ երկնքի ներքո ապրի, առողջ լինի և, անշուշտ, գիտելիքներով զինված: Այդքանից հետո համոզված եմ, որ պայծառ ապագա են ունենալու»: